Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու ԵԱՀԿ որոշումը։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Ուրբաթ օրը ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ-ն իրեն որպես «անլուծելի խնդիրների կենտրոն» է հռչակել, իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը հակասում է հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին։
«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա ձախողված միջնորդական ջանքերը։
«Տարիների ընթացքում նրանք պարզապես ձգձգեցին գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ում էլ առանձնահատուկ անկեղծություն չկա և Եվրամիությունը չի կատարում համաձայնագրերի պայմանները, հայտարարել է նախարարը։
Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների վրա։ «Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Եվրամիությունն սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին հետևելու նպատակով։ ԵՄ-ի՝ մինչև 40 փորձագետներից բաղկացած առաքելություն ուղարկելու որոշումը հոկտեմբերի 17-ին համաձայնեցվել է ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից։