Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցել տարածաշրջանում խաղաղ քաղաքականությանը:
«Վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղ բանակցությունների գործընթացի մեկնարկի մասին համաձայնությունը, անշուշտ, մեզ մեծ հույս է տալիս։ Այստեղ ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ Վրաստանը, անձամբ ես և մեր կառավարությունը լիակատար պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու և աջակցելու խաղաղ քաղաքականությանը, որը մենք սկսել ենք միասին», – հայտարարել է Ղարիբաշվիլին, հաղորդում է Sputnik Грузия-ն:
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության այլ ձևաչափերին, այլ, ընդհակառակը, օգնում է դրան:
«Ես հավատում եմ, որ միասին մենք շատ ավելի կարևոր գործեր կանենք։ Ես ողջունում եմ նաև Պրահայում ձեր կողմից հնչեցված նախաձեռնությունը՝ Հարավային Կովկասում համատեղ եռակողմ քննարկման ձևաչափի մեխանիզմ ստեղծելու մասին», – ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Իրակլի Ղարիբաշվիլին 2021 թվականի դեկտեմբերին հանդես է եկել «խաղաղ հարևանության նախաձեռնությամբ», որը ենթադրում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային հարթակի ստեղծում: