Ադրբեջանը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այս տարի մենք ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ 2027 թվականին մենք նախատեսում ենք Եվրոպա արտահանել գրեթե 20 մլրդ խորանարդ մետր բնական գազ», – Ալիևի խոսքը մեջբերում է ТАСС-ը։
Խոսելով համաշխարհային շուկաներ նավթամթերքների մատակարարումների ավելացման մասին՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը նախատեսում է ավելացնել Բաքու – Թբիլիսի – Ջեյհան և Բաքու – Սուպսա նավթատարների միջոցով մատակարարվող նավթի ծավալները: Ադրբեջանի ղեկավարը հույս ունի, որ այդ գործում կներգրավվի նաև նավթային տերմինալը, որը գտնվում է Վրաստանի արևմուտքում՝ Սուպսա գյուղում, գրում է գործակալությունը։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է Վրաստանով 157 ԳՎտ էլեկտրաէներգիա մատակարարել միջազգային շուկաներ։ «Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել միջազգային շուկաներ։ Իհարկե, մեր երթուղին անպայման կանցնի Վրաստանով։ «…» Մենք հնարավորություն ունենք 157 ԳՎտ արտահանելու Կասպից ծովով», – ասել է նա։
Նախագահը նաև հավելել է, որ Ադրբեջանը ներուժ ունի վերականգնվող էներգիայի արտադրության առումով։ Ալիևի խոսքով՝ Բաքուն և Թբիլիսին ևս նախատեսում են սկսել էներգետիկայի ոլորտում մի շարք նոր համատեղ նախագծերի իրականացումը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հուլիսին Ադրբեջանն ու Եվրամիությունը էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։