Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Վարչապետի աշխատակազմից փոխանցում են, որ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու և բանակցություններ անցկացնելու համար և հավելել, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում, մասնավորապես նշվել է, որ երեք երկրների առաջնորդները 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում քննարկել են 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Հայտարարության համաձայն՝ կողմերը վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ «Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ առաջանորդներն ընդգծել են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
«Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»,-նշվում է հայտարարության մեջ։
Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:
«Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար»,-նշվում է հայտարարության մեջ։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի կատարման հարցը՝ կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, Հարավային Կովկասի տարածաշրջանի, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։
Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։