Իրանի մայրուղիների նախարարը իրանական ընկերությունների պատրաստակամությունն է հայտնել զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և Արևելյան Ադրբեջան նահանգի Նորդուզ գյուղի միջոցով Հայաստանի և Պարսից ծոցի միջև նոր տարանցիկ միջանցք ստեղծել:
Mehr-ի փոխանցմամբ՝ Ռոստամ Ղասեմին այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում որոշվել է, որ իրանական ընկերությունները Հայաստանի հետ կհամագործակցեն թունելների, ճանապարհների և շենքերի կառուցման գործում:
Ելնելով երկու երկրների միջև կնքված համաձայնագրից՝ նրանք որոշել են ընդլայնել Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Նորդուզի սահմանից մինչև Վարզեկան և Թավրիզ, հավելել է նա։
Ղասեմիի խոսքով, քանի որ Իրանը լավ փորձ ունի բնակարանաշինության ոլորտում, իրանական շինարարական ընկերությունները կսկսեն իրենց գործունեությունը Հայաստանում:
Իրանի հյուսիսում ավելի քան 200 մլն տոննա բեռ է տարանցվում, ինչը կարելի է լավ հնարավորություն համարել երկու երկրների միջև փոխանակումների զարգացման համար, նշել է իրանցի նախարարը:
Ընդգծելով այն փաստը, որ Իրանն աշխարհում ցեմենտի չորրորդ խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև առաջատար է պողպատի արտադրության ոլորտում, Ղասեմին ասել է, որ իրանական ցեմենտի, պողպատի և շինանյութերի արտադրողները կներկայացվեն Հայաստանում։
Armenia Today-ն այսօր ավելի վաղ գրել էր, որ Սանոսյանը Ղասեմիի հետ քննարկել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։