Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգմանը, հաղորդում է «Անադոլուն»:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրինագիծը հաստատվել է նոյեմբերի 1-ին խորհրդարանի լիագումար նիստում, 2022 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով:
Փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի հարցով թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնը, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը:
Օրինագծի համաձայն, համատեղ կենտրոնում թուրք զինվորականների առաքելության շարունակումը «անհրաժեշտ է տարածաշրջանում Թուրքիայի արդյունավետ և կառուցողական դերի իրականացման համար և համապատասխանում է նրա ազգային շահերին»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվան և Անկարան Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել։