ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, Ի թիվս այլ հարցերի քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Բանակցությունները կայացել են Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ ամենամյա հանդիպման շրջանակում։
«Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկվել են ազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում ռուս-հայկական համագործակցությանը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր», – ասված է հաղորդագրության մեջ:
«Այդ թվում Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ահաբեկչությանը հակազդելու ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցության հետագա միջոցառումները», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, զրուցակիցները ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների գծով 2023-2024 թվականների համագործակցության ծրագիրը՝ ընդգծելով, որ այդ ծրագրի իրականացումը կծառայի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանն Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, ըստ նրա, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։