Եվրամիությունը բարձր է գնահատել Երևանի և Բաքվի կառուցողական ոգին սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովների նիստում։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը սահմանային խնդիրների լուծման, ինչպես նաև անվտանգության իրավիճակի բարելավման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում եռակողմ հանդիպումների ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության ընթացակարգի համակարգումը, ինչպես նաև պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի օրը և վայրը։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը կայացել է մայիսի 24-ին՝ երկու երկրների միջպետական սահմանին։ Օգոստոսի 30-ին կայացած հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների երկրորդ նիստում Գրիգորյանն ու Մուստաֆաևը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։