Հայաստանը կառուցողական է տրամադրված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։
«Մեր հատուկ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են։ Մեր նախագահը հանդիպել է Փաշինյանի հետ, դա դրական հանդիպում էր։ Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացը զարգանա։ Հայաստանը նույնպես կառուցողական է այս առումով», – ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին և միակ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում»։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը «կարող են լիակատար կարգավորման հասնել տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»: