Իրանական արտահանման արժեքը Հայաստան ընթացիկ օրացուցային տարվա առաջին կեսին (մարտի 21-ից հոկտեմբերի 22-ը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 տոկոսով, հաղորդում է Tehran Times-ը:
Իրանի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի Առևտրի աջակցության կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլա Խորմալին վեցամսյա ժամանակահատվածում Հայաստան Իրանի արտահանման արժեքը գնահատել է մոտ 180 մլն դոլար, սակայն հստակեցրել է, որ «այդ վիճակագրությունը չի ներառում Հայաստան գազի արտահանումը և կապված է Հայաստանի հետ ապրանքների առևտրի հետ», – նշում է թերթը։
Խորմալին նշել է, որ անցած տարի 120 մլն դոլարի ճափով երկու երկրների միջև իրականացվել է էլեկտրաէներգիայի և գազի փոխանակում։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 400 մլն դոլարի, ասվում է հոդվածում։
Խորմալին անդրադարձել է նաև Հայաստան տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանմանը։
«Այդ երկրում ընթանում է 60-կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը, համապատասխան մրցույթին մասնակցել են իրանական չորս ընկերություններ, արդյունքը կորոշվի առաջիկա օրերին։ Եթե այդ նախագիծը փոխանցվի իրանցիներին, դա զգալիորեն կավելացնի մեր արտահանման արժեքը այդ երկիր», – ընդգծել է նա։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին երկու տարում գրեթե կրկնապատկվել է։ Նա հավելել է, որ վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարները նոր նպատակներ են նախանշել։