Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառաայությունից։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն հրապարակային է հայտարարել, Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ:
Զրուցակիցները քննարկել են Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր:
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։