Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում կայացած հանդիպմանը կարևորել են միմյանց «տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցությունը»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քննարկելով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը՝ կողմերը նաև նշել են, որ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը «կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»:
Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումները խթան են հաղորդել երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից առաջ Հասանովն այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշարձանին:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր տարածաշրջանում խաղաղ քաղաքականությունը շարունակելու Վրաստանի կառավարության «լիակատար պատրաստակամության» մասին: