Թուրքիան և Ադրբեջանը դատապարտել են Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչման և Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու կոչ պարունակող բանաձևի ընդունումը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից նրա զորքերի անհապաղ դուրսբերման պահանջը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը «խախտում է Ադրբեջանի ինքնիշխանությունը»։ Նա նաև դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով արձագանքել այդ բանաձևն ընդունած ֆրանսիացի խորհրդարանականների գործողություններին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բանաձևը «սադրիչ բնույթ է կրում» և «խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը», հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից: Բանաձևն ընդունվել է 295 կողմ, 1 դեմ քվեարկությամբ։