Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լե Լանին՝ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի կապակցությամբ:
Ինչպես հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին, Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, որ Ֆրանսիան «հերթական անգամ բացահայտ ցույց է տվել իր հայամետ, կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սենատի բանաձևը «ուղղված է նրան, որ լուրջ հարված հասցվի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վճռականորեն դատապարտող բանաձև է ընդունել։ Սենատորները պահանջել են անհապաղ և անվերապահորեն դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի և նրանց դաշնակիցների ելման դիրքեր, ինչպես նաև պահանջել են Ադրբեջանի իշխանություններից և տարածաշրջանի բոլոր գործընկերներից, մասնավորապես՝ Թուրքիայից, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։