ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցերը: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
«Կարևորվել է ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
Հավելենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն՝ Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքն սկսել է հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։