Ադրբեջանի ՊՆ-ն կրկին մեղադրել է ռուսական խաղաղապահ զորախմբին այն բանում, որ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում Ղարաբաղում բնակավայրերի անվանումները «նշված են հայկական հորինված տեղանուններով»։
Ադրբեջանը ռուսական կողմի ուշադրությունն է հրավիրել, որ «Մարտակերտ» և «Մարտունի» անունների փոխարեն պետք է օգտագործել համապատասխանաբար «Ագդեր» և «Խոջավենդ»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված» ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը «համապատասխան հաղորդագրություններում ճիշտ օգտագործել բնակավայրերի անվանումները»։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը նման պնդումներով էր հանդես եկել «Մաղավուզ» տեղանվան հետ կապված՝ հորդորելով ռուսական կողմին օգտագործել «Չարդաղլի» անվանումը։
Նոյեմբերի 24-ին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունն արձագանքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Ռուս խաղաղապահները հիշեցրել էին ադրբեջանական կողմին, որ ՌԴ ԶՈւ-ն և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ։
«Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ նախկինում և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են ոչ ադրբեջանական տեղանուններ ևս՝ Լեռնային Ղարաբաղի տարածք Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում: Սակայն դա չի հանգեցրել տեղեկատվական տարածքում պահանջատիրության հայտարարությունների»,- նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը «կասկածի տակ չդնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը նման աննշան առիթներով, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակել աշխատանքը՝ պահպանելով խաղաղությունը տարածաշրջանում»։