ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի երկաթուղու վերականգմանը։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Մոսկվայում կայացած Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստի արդյունքներին։
«Մենք ներկայացրել ենք մեր պատերացումները. այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանգրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգման աշխատանքները և, իհարկե, կարծում եմ ավելորդ է ասել, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում և ցանկացած պահի, երբ որ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից մենք պատրաստ են սկսել աշխատանքները»,-հայտարարեց նա։
Վարչապետը վերահաստատեց, որ հայկական կողմը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների բացմանը։ «Մենք պատարստ ենք ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմանը, հուսով ենք նաև մեկ ճանապարհով տրանզիտ ապահովել. այստեղ քաղաքական կամքի բացակայություն կամ դեֆիցիտ չունենք»,-նշեց նա։
Նշենք, որ փոխվարչապետների նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։