Մինչ Ադրբեջանում «բնապահպան» ակտիվիստներ են ի հայտ գալիս, ՄԻԵԴ-ն այդ երկրի իրական ակտիվիստների իրավունքների ոտնահարում է արձանագրել
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հայտարարել է Ադրբեջանից 6 բողոքների վերաբերյալ վճիռների մասին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ընդդիմադիր Turan գործակալությունը՝ հղում անելով Եվրոպայի Խորհրդի պաշտոնական տեղեկատվությանը, 4 բողոք միավորվել է «Ջաբբար Սավալանին և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Խոսքը Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստներ Ջաբբար Սավալանլիի և Մուրադ Ադիլովի, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ֆարաջ Քերիմլիի և նրա եղբոր՝ Սիրաջ Քերիմլիի գործերի մասին է։
Նրանք բոլորը ձերբակալվել են և դատապարտվել ազատազրկման՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Դիմումատուները հետաքննության ընթացքում կալանավորման վերաբերյալ բողոքներում նշել են, որ իրենց ձերբակալել են շինծու ապացույցների հիման վրա հակակառավարական գործունեության համար։
Տեղական դատարանները կալանավորումը պատճառաբանել են մեղադրանքի ծանրությամբ և քննությունից դիմումատուների խուսափելու ռիսկերով։
ՄԻԵԴ-ը բոլոր գործերում նկատել է մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։
Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել դիմումատուների պնդումները 18-րդ հոդվածի (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) խախտման մասին։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր դիմողին վճարել 10 հազար մանաթ։ Ֆարաջի և Սիրաջ Քերիմլիի գործերում ևս 3 հազար եվրո պետք է վճարվի դատական ծախսերի փոխհատուցման համար, իսկ Ադիլովի գործով ՝ 2 հազար եվրո։
Ջավիդ Մամեդովի գործում, որը նույնպես բողոքել է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումից, կառավարությունն ու դիմումատուն հաշտության համաձայնության են եկել, և իշխանությունները պարտավորվել են նրան 3500 եվրոյի չափով փոխհատուցում վճարել:
Իսա Իբրահիմովի բողոքը հանվել է քննվող գործերից, քանի որ նրա փաստաբանը հաղորդակցության փուլում ՄԻԵԴ-ին տեղեկացրել է, որ նա այլևս դիմումատուին չի ներկայացնում, իսկ դիմումատուն չի պատասխանել Ստրասբուրգի դատարանի նամակներին