Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նպատակ ունի կարգավորել կազմակերպության անդամների միջև հակասությունները և թույլ չտալ ապակայունացում։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ այս տարի կազմակերպության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը կընդունվի լրամշակումից հետո:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներով նախապատրաստվել է այդ օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, որը քննարկվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։
«Ես կցանկանայի հույս ունենալ, որ համապատասխան լրամշակումից հետո մենք դուրս կգանք երկու շատ կարևոր փոխլրացնող փաստաթղթերի ընդունմանը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու մասին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությանը», – հայտարարել է Զասը: