Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։
Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի« բացումը գրանցված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։
«Այո, այնտեղ չկա «Զանգեզուրի միջանցք» բառը, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես հետո եմ դրել աշխարհաքաղաքական բառապաշարի մեջ։ Բայց այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պետք է ապահովի այն», – ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը «փորձում է խուսափել միջանցքի բացումից», սակայն նախագծի իրականացումն «անխուսափելի է», քանի որ այն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի: