Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի փորձագիտական խորհրդակցությունները, ի շարունակություն երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների գծով նախորդ բանակցությունների, պլանավորվում են փետրվարին: Այս մասին ТАСС-ին հայտնել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
Դիվանագետը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով կողմերը նշել են, որ «փետրվարին պատրաստվում են առաջին փորձագիտական հանդիպումն անցկացնել այդ ձևաչափով»: Բոգդանովը հաստատել է, որ խոսքը այդ ձևաչափի մասին է։
Հինգշաբթի օրը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները մոտ ժամանակներս տեխնիկական մակարդակով բանակցություններ կանցկացնեն։
2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների խորհրդակցությունները՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այդ խորհրդակցություններից հետո տեղի կունենա երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում կլինի Սիրիայի և Թուրքիայի նախագահներ Բաշար Ասադի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների անցկացման հարցը: