Իրանում համաներում է հայտարարվել, գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին ներում է շնորհել տասնյակ հազարավոր բանտարկյալների: Նրանց թվում են նաև երկրում վերջին բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալվածները: Այս մասին հաղորդում է IRNA-ն:
«Դատական իշխանության ղեկավարն առաջարկել է ներում շնորհել կամ մեղմացնել տասնյակ հազարավոր մեղադրյալների դատավճիռը, որոնք ձերբակալվել են վերջին իրադարձությունների ընթացքում: Այաթոլահ Ալի Խամենեին համաձայնել է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ համաներման մասին որոշումն ընդունվել Է Իրանում Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ։ Նշվում է, որ ներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք օտարերկրացիների օգտին լրտեսությամբ են զբաղվել, անմիջական կապ են ունեցել օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործակալների հետ, կատարել են սպանություն և կանխամտածված հանցանքներ, ավերել և հրկիզել են պետական, ռազմական և հասարակական օբյեկտները:
Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։