Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամները զոհվել են: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
Լրատվամիջոցին այդ մասին հայտնել է ընտանիքի հարազատը։
Զոհվածները ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Սամվել Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաներն են:
Աղբյուրը հայտնել է, որ ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում ևս զոհվել էին հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն: