ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ երկաշարժի գոտի ուղղված հումանիտար օգնության համար։ Այս մասին Քըլըչը գրել է Թվիթերի իր էջում՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի հրապարակած տեսանյութին ի պատասխան։
«Շնորհակալություն, սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին»,- գրել է նա։
Քըլըչը հավելել է, որ միշտ կհիշի Հայաստանի ժողովրդի առատաձեռն աջակցությունը` Թուրքիայում երկրաշարժի գոտում քաղաքացիների տառապանքները մեղմելուն ուղղված։
Թուրք պաշտոնյան նաև հայտնել է, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 5 բեռնատար՝ 100 տոննա սննդամթերք, դեղորայք, ջուր և այլ շտապ օգնության պարագաներով։
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանն այսօր մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: