Հայ փրկարարները, գործելով թուրք գործընկերների հետ համատեղ, 8-ամյա աղջկան փրկել են երկրաշարժից տուժած Թուրքիայում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«AFAD – ի (Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչություն-խմբ.) թիմի հետ ուս ուսի տված հայ փրկարարների թիմը Ադըյամանում փրկել է 8 – ամյա աղջկան», – գրել է պատգամավորը Twitter-ում:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: