Թուրքիայում շինարարական ընկերությունների 131 աշխատակիցների ձերբակալման օրդեր են արձակվել: Այս մասին գրում է «Интерфакс»-ը: Նշվում է, որ այդ շինարարական ընկերությունների նշված աշխատակիցների կառուցած տները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ փլուզվել են:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել էր հատուկ խումբ ստեղծելու պլանների մասին, որը կզբաղվի վկայականների հավաքագրմամբ և անբարեխիղճ կապալառուների հայտնաբերմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն: