Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի փրկարարների համագործակցության արդյունքում Թուրքիայում ևս երկու աղջիկ է փրկվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
«7-րդ օրը ևս երկու հրաշք տեղի ունեցավ։ Ադըյամանում թուրքական, հայկական և ամերիկյան թիմերի համագործակցության արդյունքում մեր երկու աղջիկներին ողջ են գտել»-Twitter-ում գրել է պատգամավորը՝ հրապարակելով փրկարարների լուսանկարը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ հայ փրկարարները, թուրք գործընկերների հետ համատեղ, Ադըյամանում փրկել են 8-ամյա աղջկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն: