Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ բնական աղետի ժամանակ տուժած մարդկանցից 13 208-ը ներկայումս շարունակում է բուժումը։ Թուրք առաջնորդը նշել է, որ աղետի գոտում որոնողափրկարարական և այլ աշխատանքներում ներգրավված է մոտ 250 հազար պետական ծառայող։
Նա ընդգծել է, որ երկրաշարժից տուժած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ փլատակներում կենդանի մարդիկ կան։ Նա հավելել է, որ Թուրքիայի իշխանությունները հաջորդ ամսից կսկսեն 30 հազար տան շինարարությունը երկրաշարժից տուժածների համար։
«Երկրաշարժի գոտում տեղադրվել են ավելի քան 175 հազար վրաններ և 5400 կոնտեյներային տներ»,- ասել է նա՝ հավելելով, որ աղետի գոտում հերթապահում է 28 հազար թուրք զինվորական։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է: