Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Այս մասին РБК-ի փոխանցմամբ՝ գրում է թուրքական Habertürk պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Այս մասին որոշումը կկայացնի թուրքական ղեկավարությունը, որն իր փաստարկները փոխանցել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովին (YSK), որը վերջնական որոշում կկայացնի այդ կապակցությամբ, գրում է պարբերականը։
Հանձնաժողովը հետագայում հայտարարություն կանի և կհայտարարի, որ երկրաշարժի հետևանքների պատճառով չորս նահանգներում ընտրություններ անցկացնել հնարավոր չէ: Եվս վեց մարզերում հնարավոր չի լինի քվեարկությունը մասամբ կազմակերպել։ Առաջնորդվելով այդ փաստարկներով՝ գերատեսչությունը կառաջարկի հետաձգել ընտրությունները, նշում է թերթը։
Ըստ օրենքի՝ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները (նախագահական և խորհրդարանական) պետք է կայանան մինչև հունիսի 18-ը։ Սակայն հունվարի 22 — ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ դրանք կանցնեն մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին։
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Դրան հաջորդել են ստորգետնյա մի քանի ցնցումներ։ Արդյունքում տուժել է 10 նահանգ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 36 137 մարդ, տուժել է ավելի քան 100 հազար մարդ։
Երկրաշարժը Թուրքիայի պատմության մեջ ամենակործանարարն է դարձել վերջին 100 տարվա ընթացքում։ Մոտ 211 հազար շենք ավերվել է, խիստ վնասվել կամ ճանաչվել վթարային։ Կանգուն տների մի մասը, ինչպես նշել է Էրդողանը, ենթակա են անհապաղ քանդման։