Հայ-ադրբեջանական սահման ԵՄ առաքելություն ուղարկելը կարող է խոչընդոտել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրոպայից դիտորդների առաքելություն ուղարկելը հայ-ադրբեջանական սահման կարող է խանգարել հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ իմ դիրքորոշումը ես բարձրաձայնել եմ Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ»,- ասել է Գաֆարովան խորհրդարանի նիստում։
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որի առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
Ավելի վաղ Փաշինյանը, բացատրելով ՀԱՊԿ-ի փոխարեն ԵՄ առաքելության ընտրությունը, հիշատակել էր սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելության տեղակայման մի կարևոր նրբության մասին: Բաքուն, նրա խոսքով, տարբեր միջազգային հարթակներում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է նրանով, որ Հայաստանն իբր ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է ներգրավում սահման` Ադրբեջանի վրա հարձակվելու նպատակով։ ԵՄ առաքելությունը տեղում համոզվելու է, որ այդ հայտարարությունները մտացածին են, ասել է Փաշինյանը։
ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը, որը բաղկացած էր 40 փորձագետներից, Հայաստանում էր 2022 թվականի հոկտեմբերի 17-ին և իր աշխատանքն ավարտեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։