Ադրբեջանի ԱԳՆ-ն իրականության խեղաթյուրում է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բաքվի և Երևանի փոխադարձ պահանջների ժամանակավոր միջոցների մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի փետրվարի 23-ի մեկնաբանություններն Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ հակադարձ համեմատական են դատարանի որոշմանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գործակալությունը կարծում է, որ Փաշինյանի այն խոսքերը, թե դատարանը ֆիքսել է Բաքվի պատասխանատվությունը Լաչինի միջանցքը փակելու համար, չի համընկնում դատարանի որոշման տեքստի հետ։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգության երաշխիքը չպետք է ընկալվի որպես ճանապարհը չարաշահելու միջոց, իսկ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ դա թույլ չի տա»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Բաքուն ավելի վաղ առաջարկել էր միջանցքում անցակետ տեղադրել, ինչը «դրականորեն է ընդունվել միջազգային գործընկերների կողմից»։
«Սակայն Հայաստանի կողմից այս առաջարկի մերժումն առանց բացատրության վկայում է Լաչինի ճանապարհի թափանցիկության նկատմամբ Հայաստանի անտարբերության և ճանապարհի չարաշահումը շարունակելու մտադրության մասին», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։