Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայի արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 449 հազար մարդ բնակչությամբ Շանլիուրֆա քաղաքից 123 կմ հյուսիս-արևմուտք և 441 հազար բնակչությամբ Մալաթիա քաղաքից 16 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի ղեկավար Յունուս Սեզերը հայտնել է, որ Մալաթիայում 1 մարդ է զոհվել, 69-ը՝ վիրավորվել։ Նա նաև տեղեկացրել է, որ փլուզվել է 25 շինություն։ Տեղում աշխատում են փրկարարները։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: