Իրանը ցանկանում է ստանալ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, որոնք Իսրայելը խոչընդոտ է համարում Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու համար, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Իսրայելում վախենում են Իրանի կողմից միջուկային զենքի իբր հնարավոր ստեղծումից, ինչի պատճառով էլ դիտարկում են հարձակման հնարավորությունը։ Ինչպես գործակալությանը հայտնել են Իսրայելի և Միացյալ Նահանգների պաշտոնյաները, Իրանի կողմից С-400 համակարգեր ստանալու հեռանկարը կարող է արագացնել Թել Ավիվից հարված հասցնելու որոշումը։
Իսրայելը նաև կարծում է, որ եթե Թեհրանը ստանա համակարգերը, դա կնվազեցնի հավանական հարվածի հնարավորությունը, ուստի նրանք կարող են որոշել ավելի արագ գործել:
«Որքան երկար սպասենք, այնքան ավելի դժվար է դառնում: Մենք շատ երկար ենք սպասել: Կարող եմ ասել, որ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ Իրանին միջուկային զենք ձեռք բերել», – գործակալությունը մեջբերում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը պաշտպանական ոլորտում հասել է «լիարժեք գործընկերության»՝ չներկայացնելով նրանց պնդումների համար որևէ ապացույց։