Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այս ստատուս-քվոն երկար չի կարող շարունակվել։ Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»,-հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։
Այս առումով, ըստ Շոլցի, կարևոր է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ «Մենք նաև գերմանական անձնակազմ ենք ուղարկել, ընդ որում՝ գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը»,-հայտնել է նա։
Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է աջակցել ՀՀ-ում մենկարկած բարեփոխումներին։ «Կարևոր քայլ կատարեցինք անցած տարի, Գերմանիան վերսկսեց զարգացման ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ»,-նշել է նա։
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հայտնել էր փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ դաշինքի անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտնել է Հայաստանի սահմանամերձ շրջաններ երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշման մասին: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից, ներառյալ մոտ 50 անզեն դիտորդ: