Թբիլիսիում Ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիան ցրելու համար, հաղորդում է ТАСС-ը:
Գործակալության տվյալներով՝ հատուկջոկատայինները փակել են խորհրդարանի մուտքը տանող փողոցը: Արցունքաբեր գազի բազմակի կիրառումից հետո օգտագործվել է նաև ջրցան մեքենա: Կան տուժածներ, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։
Նշվում է, որ Ռուսթավելի պողոտայում շենքի ճակատի դիմաց շարունակում են գտնվել հազարավոր ցուցարարներ, որոնք փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը հայտնել է, որ Թբիլիսիում հանրահավաքների պատճառով չեղյալ է հայտարարել իր բոլոր հանդիպումները ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում և պատրաստվում է դիմել հանրապետության բնակչությանը:
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը: Գաղափարի հեղինակներն են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները: Գործակալությունը նշում է, որ նախաձեռնությունը քննադատության է արժանացել ինչպես ընդդիմության, այնպես էլ արևմտյան քաղաքական գործիչների կողմից՝ օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացություն մտցնելու պատճառով: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի օրինագծի ընդունման դեպքում: