Երեքշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար բերման է ենթարկվել 66 մարդ, տուժել է մոտ 50 իրավապահ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ն։
«Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել մարտի 7-ին ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնի միջադեպերի փաստերով։ Խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով իրավապահները բերման են ենթարկել 66 մարդու»,- ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի խաղաղ ցույցը վերածվել է բռնի ակցիայի. ցուցարարները փորձել են փակել երկրի խորհրդարանի մուտքը։
«Հավաքվածներն ավելի ուշ սկսեցին կազմակերպված հարձակումը խորհրդարանի շենքի վրա՝ աշխատակիցների ուղղությամբ նետելով մոլոտովի կոկտեյլներ և պիրոտեխնիկա։ Ցուցարարները հրկիզել են օրենսդիր մարմնի շենքը, քարեր նետել, կոտրել ապակիներ, վնասել երկաթե ցանկապատերը»,- ասել են նախարարությունից՝ նշելով, որ ցուցարարների կողմից կարգ ու կանոնի զանգվածային խախտումը տևել է մի քանի ժամ։
«Հավաքվածների գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ մոտ 50 աշխատակից, նրանցից մի քանիսը վիրաբուժական միջամտության կարիք են ունեցել, նրանք դեռ բուժհաստատություններում են։ Ակցիայի ընթացքում տուժել են նաև քաղաքացիներ»,- հայտնում է ՆԳՆ-ն։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը: Գաղափարի հեղինակներն են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները: Գործակալությունը նշում է, որ նախաձեռնությունը քննադատության է արժանացել ինչպես ընդդիմության, այնպես էլ արևմտյան քաղաքական գործիչների կողմից՝ օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացություն մտցնելու պատճառով: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի օրինագծի ընդունման դեպքում: