Թբիլիսիում ընթացող բողոքի զանգվածային ակցիայի մասնակիցները Վրաստանի իշխանություններին երկու պահանջ են ներկայացրել, հաղորդում է «РИА Новости»-ն:
Ինչպես հայտարարել է ընդդիմադիր Գեորգի Վաշաձեն, «Վրացական երազանքը» պետք է անհապաղ խորհրդարանից հետ կանչի օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքը և ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին:
«Новости-Грузия»-ի տեղեկություններով՝ ավելի ուշ ակցիայի մասնակիցները որոշում են կայացրել սկսել «խորհրդարանի պաշարումը»։ Ինչպես գրում է պարբերականը, այսօր խորհրդարանի շենքի մոտ հավաքվածները կոչ են արել իրենց կողմնակիցներին և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին: Ռուսթավելի պողոտան փակ է, խորհրդարանի դիմացի տարածքն ամբողջությամբ լեփ-լեցուն է մարդկանցով։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ոստիկանությունը մարտի 8-ին Թբիլիսիի կենտրոնում ձերբակալել է բողոքի ակցիայի ևս 10 մասնակցի, ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 76-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 66 ձերբակալվածների մասին։
Մեկ օր առաջ Թբիլիսիում Ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ էր կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման դեմ բողոքի ակցիան ցրելու համար: Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը: Գաղափարի հեղինակներն են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները։
Նախաձեռնությունը քննադատության է ենթարկել ընդդիմությանն ու արևմտյան քաղաքական գործիչներին՝ օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացություն մտցնելու պատճառով։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի օրինագծի ընդունման դեպքում: