Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կմնան լարված և անկայուն Երևանի վրա ռազմական ճնշում գործադրելու Բաքվի պատրաստակամության պայմաններում: Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների «սպառնալիքների ամենամյա գնահատման» մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կողմից:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, հավանաբար, կմնան լարված, իսկ երբեմն էլ անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի մոտիկությունը, հրադադարի ապահովման մեխանիզմի բացակայությունը և Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար ռազմական ճնշումներն օգտագործելու Ադրբեջանի պատրաստակամությունը», – ասված է զեկույցում:
Փաստաթղթի հեղինակների գնահատմամբ՝ «սահմանազատված սահմանի երկայնքով զինված ուժերի անմիջական հարևանությամբ շարունակվող ներկայությունը մեծացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումը, հավանաբար, սահմանափակ կլինի տևողությամբ և ինտենսիվությամբ»:
Նշվում է, որ 2021 թվականի մայիսից Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար տեղի են ունենում ռազմական բախումներ: «Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են ձեռնարկել սահմանի երկայնքով բազմաթիվ հատվածներում՝ գրավելով հայկական տարածքի մի մասը, ինչը հանգեցրել է մոտ 300 զինծառայողի մահվան», – ասված է զեկույցում:
Փաստաթղթի հեղինակները նաև նշում են, որ կողմերի միջև խաղաղ բանակցությունները որոշակի առաջընթացի են հասել, սակայն ամենաբարդ հարցերը՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, դեռևս հեռու են լուծումից: