Ադրբեջանի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը հայտարարել են իրանա-ադրբեջանական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ կապված միջադեպի մասին:
Բաքվի տվյալներով՝ մարտի 11-ին «Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26-ն անընդմեջ թռիչք է կատարել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանի շրջանի ուղղությունից դեպի Բիլասուվար շրջանի ուղղությամբ և հակառակ ուղղությամբ»:
Նշվում է, որ «ինքնաթիռը թռել է երկու երկրների միջև պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ նաև պետական սահմանի վրայով», իսկ սահմանին ինքնաթիռի մոտենալը տեղի է ունեցել առանց ադրբեջանական կողմին նախապես տեղեկացնելու։
Գերատեսչությունները հայտարարել են, որ տեղի ունեցածը «սպառնալիք է ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ծառայում է երկկողմ հարաբերությունների հետագա սրմանը», ինչպես նաև «սադրանք է և ոչ բարեկամական վարք Ադրբեջանի նկատմամբ»:
Նշվում է, որ մարտի 11-ին Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան համապատասխան բողոքի նոտա է հանձնվել: