Իրանական դատարանը 2022 թվականի հոկտեմբերին Իրանի Շիրազ քաղաքում շահ Չերահի դամբարանի վրա հարձակման գործով երկու մարդու մահապատժի է դատապարտել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին:
Նրանց տեղեկություններով՝ դատապարտյալները դատավարության ժամանակ հայտարարել են, որ կապի մեջ են եղել հարևան Աֆղանստանում «Իսլամական պետություն» խմբավորման հետ և օգնել են ահաբեկչություն կազմակերպել: Եվս երեք մարդ նույն գործով 5-25 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Նշվում է, որ ահաբեկչության հիմնական կատարողը, որը հանդիսացել է Տաջիկստանի քաղաքացի, ահաբեկչությունից հետո հիվանդանոցում մահացել է հարձակման ժամանակ ստացած վերքերից:
Իրանի Հարավային Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում 2022 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհ էր դարձել 15 մարդ։