Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն առաջիկա բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների վերսկսումը, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսման, տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարի այցը Թուրքիա նախատեսված է ապրիլի 6-7-ը: Նշվում է, որ կողմերը բանակցություններ կանցկացնեն «երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակի շուրջ»: