Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքների՝ Ռուսթավիի և Իջևանի քաղաքապետերն ստորագրել են բարեկամության հուշագիր, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Փաստաթուղթն ստորագրել են Նինո Լացաբիձեն և Արթուր Ճաղարյանը։ Արարողությանն ու բանակցություններին մասնակցելու համար Վրաստան է ժամանել Հայաստանի պատվիրակությունը։
«Մեր քաղաքի զարգացման նոր փուլում կարևոր է միջազգային հարաբերություններ հաստատելը և նոր քաղաքների հետ բարեկամանալը»,- ասել է Լացաբիձեն։
Հուշագիրը վերաբերում է տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման և քաղաքաշինության հարցերում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։
Ռուսթավին Թբիլիսիի արբանյակ քաղաքն է, գտնվում է մայրաքաղաքից 11 կիլոմետր հեռավորության վրա, այնտեղ ապրում է մոտ 120 հազար մարդ։
Իջևանը Հայաստանի Տավուշի մարզի վարչական կենտրոնն է, դրանով է անցնում Երևան-Թբիլիսի մայրուղին։ Բնակչությունը կազմում է մոտ 20 հազար մարդ։