Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանից 4 իրանցի դիվանագետների արտաքսմանը:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին հայտարարել է, որ Թեհրանը «Ադրբեջանի կառավարության նման պահվածքը համարում է բարիդրացիության սկզբունքներին հակասող»: Նա նաև կոչ է արել Բաքվին «շարժվել բարիդրացիության ուղղությամբ», «հեռու մնալ նրանից, ինչ ցանկանում են տարածաշրջանի սիոնիստներն ու թշնամիները», ինչպես նաև «փոխադարձ հարգանք»:
Ավելի վաղ Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների, նրանց հրահանգվել էր լքել երկիրը 48 ժամվա ընթացքում: Որպես նման որոշման պատճառ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է «դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի և 1961թ. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեությունը»:
Իրանաադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլ սկսվեց այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց իրանական ռազմական ինքնաթիռի՝ իրանա-ադրբեջանական սահմանին թռչելու մասին, որից հետո Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքպուրը մարտի 24-ին եղել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հյուսիս-արևմուտքում և ստուգել իրանցի զինվորականների մարտական պատրաստվածությունը:
Մարտի վերջին կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Իսրայել, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցեր: Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին մարտի 30-ին հայտարարել է Սիրիայից բերված և Արցախի 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից օգտագործված «սիոնիստական» ուժերի և ԻԼԻՊ-ի զինյալների՝ Ադրբեջանում գտնվելու մասին, Բաքվում այդ հայտարարությունները հերքել են: Ապրիլին Իրանի խորհրդարանի պատգամավորները դատապարտել էին Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանատան բացումը: