Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը ապրիլի 7-ին և 8-ին հեռախոսային բանակցությունների երկու փուլ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային որոշ խնդիրներ, հաղորդել է ИРНА-ն:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ նախարարները քննարկել են «առկա խնդիրներն ու թյուրիմացությունները, ինչպես նաև ստեղծված իրավիճակի հաղթահարման լուծումները», ինչպես նաև «ընդգծել են միմյանց բարիդրացիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը»:
«Միայն թշնամիներն են օգուտ քաղում տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների գոյությունից», – զրույցի ընթացքում հայտարարել է իրանցի նախարարը: Նշվում է, որ կողմերը նաև հաշվի են առել «երկու երկրների շահերին առավել համապատասխան զանգվածային լրատվության միջոցների գործունեության կառավարման անհրաժեշտությունը»:
Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն, զրույցի ընթացքում տեղի է ունեցել «երկու երկրների միջև առկա դժգոհությունների և թյուրըմբռնումների մանրամասն քննարկում», ընդգծվել է թյուրիմացությունների վերացման համար բանակցությունների շարունակման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ադրբեջանի և Իրանի միջև առկա նախագծերի իրականացման վերաբերյալ:
Նշվում է, որ Բայրամովը հայտարարել է, որ «կարևոր է հարգել Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված նրա ազգային շահերի և տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերությունների վրա»:
Ավելի վաղ Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների, նրանց հրահանգվել էր լքել երկիրը 48 ժամվա ընթացքում: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը «Ադրբեջանի կառավարության նման պահվածքը համարում է բարիդրացիության սկզբունքներին հակասող»: