Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայտնում է ИРНА-ն: Սա երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունների երրորդ փուլն է։ Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Աբդոլլահիանն ու Բայրամովը շեշտը դրել են խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտության վրա։
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 7-ին և 8-ին անցկացրել են հեռախոսային բանակցությունների երկու փուլ, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային խնդիրները: «Միայն թշնամիներն են օգուտ քաղում տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների գոյությունից», — զրույցի ընթացքում հայտարարել է իրանցի նախարարը:
Ավելի վաղ Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների, նրանց հրահանգվել էր լքել երկիրը 48 ժամվա ընթացքում: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը «Ադրբեջանի կառավարության նման պահվածքը համարում է բարիդրացիության սկզբունքներին հակասող»:
Իրանաադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլ սկսվեց այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց իրանական ռազմական ինքնաթիռի՝ իրանա-ադրբեջանական սահմանին թռչելու մասին, որից հետո Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ: