Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը հայտնել է Երկրի դիտարկման առաջին ադրբեջանական արբանյակի՝ Azersky-ի հետ կապի կորստի մասին:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը, արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է, «Азеркосмос» ԲԲԸ-ն և արբանյակ արտադրողը փորձել են վերականգնել կապը նրա հետ, սակայն դա անել չի հաջողվել:
Արդյունքում Azersky – ն իր առաքելությունն ավարտել է հաշվարկային ժամկետից մեկ տարի շուտ։ Նշվում է, որ արբանյակի հետ տվյալների փոխանակման դադարեցման հնարավոր պատճառ կարող էր լինել դրա բախումը տիեզերական աղբի կամ երկնաքարի հետ:
Azersky արբանյակը ուղեծիր է արձակվել 2014 թվականի հունիսին և ադրբեջանական կողմին է հանձնվել ֆրանսիական Airbus Defence and Space ընկերության կողմից: ԶԼՄ-ների տվյալներով՝ տիեզերանավը նախատեսված է եղել Ազգային անվտանգության ապահովման, պաշտպանության, բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում, արտակարգ իրավիճակներում, նավթագազային ոլորտում և այլն օգտագործելու համար: