Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևի հայտարարությունների հետ:
Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները, դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ РУСАРМИНФО լրատվական գործակալության եթերում պատգամավորի արտահայտությունները գնահատվել են որպես «անընդունելի, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»:
Բաքուն համոզմունք է հայտնել, որ «ՌԴ իշխող կուսակցության ներկայացուցչի նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա, որը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։
Ավելի վաղ պարբերականին տված հարցազրույցում Մատվեյչևը, մասնավորապես, հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակմամբ և «ամեն ինչ անում են այն հետագայում հրահրելու համար»: