Կրեմլը հայտարարել է Բաքվի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծման հետ կապված լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և, հիմնականում, եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները կյանքի կոչելու շուրջ, որոնք ստորագրվել են ավելի վաղ։ «Ռուսաստանը կշարունակի այդ ուղղությամբ աշխատել Երևանի և Բաքվի հետ միասին»,- ասել է նա։
«Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակն իսկապես հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է՝ նշված երկրներից պահանջում է հասկանալ, որ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- հավելել է Պեսկովը։
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտմամբ որևէ միակողմանի քայլի անընդունելիությունը։ «Անկախ նրանից՝ մենք խոսում ենք Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխության մասին, թե այն օգտագործելու փորձերի մասին, որոնք չեն համապատասխանում խաղաղության օրակարգին»։
ՌԴ ԱԳՆ-ն նույնպես նշել է հրադադարի խախտման դեպքերի աճը և կոչ է արել Երևանին և Բաքվին իրականացնել պայմանավորվածությունները։
«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերաբերյալ։ Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման և տարաբնույթ միջադեպերի աճ, ինչի հետևանքով երկու կողմից պարբերաբար լինում են զոհեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն կարծիք է հայտնել, որ ծագած խնդիրներից շատերը բազմամսյա անգործության և ռուս առաջնորդների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղիների վրա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության արդյունք են։
Ապրիլի 23-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։