Բրյուսելում ավարտվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել։
Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջան միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի՝ բրյուսելյան ձևաչափի վերսկսման կապակցությամբ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին այս ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին առնչվող զարգացումները, վաշինգտոնյան բանակցությունները, ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև այսօր կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 15:00-ին։