Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։
Ըստ նախարարության՝ Միրզոյանն ու Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման վերաբերյալ։
«Կողմերը շարունակել են աշխատել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վրա։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն թեմաների շուրջ, որտեղ կողմերը դեռևս ունեն տարաձայնություններ»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Ավելի վաղ Արարատ Միրզոյանն առանձին բանակցություններ էր վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։